ՀՀԿ-ականը չի բացառել ստորագրված ցուցակների հրապարակումը
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են որպես ընտրությունների ժամանակ մատնահետքերով էլեկտրոնային գրանցման գործընթաց կազմակերպելու այլընտրանք ստորագրված ցուցակները հրապարակելու տարբերակը:
Նա հիշեցրել է Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում կայացած համաձայնության մասին, ասել, որ դրա շրջանակներում վստահության մթնոլորտ էր ձևավորվել ու ԸՕ-ում կատարվել էին երկու փոփոխություններ, որոնցից մեկը պայմանով էր:
«Մենք հստակ նշել էինք, որ միջազգային կառույցները պետք է մինչև սեպտեմբերի 1-ը տան իրենց դրական եզրակացությունը մատնահետքերով գրանցման էլեկտրոնային գործընթացի կազմակերպումը ֆինանսավորելու, ինչպես նաև ժամկետների մեջ տեղավորվելու հարցում: Սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկած իր նամակում հայտնել էր, որ այդ գործընթացը տեխնիկապես հնարավոր չէ կազմակերպել, եթե նույնիսկ լինեն ֆինանսական միջոցները, քանի որ ժամանակը կարճ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սահակյանը:
Ըստ աղբյուրի, պատգամավորը կարծում է, որ, այնուամենայնիվ, ընտրական օրենսգրքի շուրջ քննարկուﬓերը պետք է շարունակվեն՝ ընդհանուր եզրեր գտնելու և դրանց շուրջ համաձայնության հասնելու համար:
«Դա կլինի ստորագրված ցուցակների հրապարակումը, թե այլ մեթոդներ, առաջիկայում կերևա: Քննարկուﬓերն այս պահին շարունակվում են: Մենք պետք է ընդհանուր եզրահանգման գանք, որպեսզի կարողանանք պահպանել վստահության մթնոլորտը, որը ձևավորվել էր նախորդ համաձայնության արդյունքում: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ առանց այլ փոփոխությունների էլ ընտրական օրենսգիրքը կարող է ապահովել արդար և թափանցիկ ընտրություններ, սակայն այս դեպքում պակասում է հենց վստահության մթնոլորտը: Մեր ընդդիմադիր գործընկերները չեն տեսնում այդ վստահության մեխանիզմները, ուստի մենք պետք է կարողանանք ընդհանուր եզրեր գտնել և ապահովել այդ մթնոլորտը, որպեսզի պարտվողը իր պարտության պատճառները տեսնի միայն իր մեջ, այլ ոչ թե դիմացինին մեղադրի դրա համար»,- ասաց Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չեղարկման վերաբերյալ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
- Պայմանով ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեղյալ համարվեց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ