ԱԻՄ-ն որոշել է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի հետ այս փուլում համագործակցել դիտորդի կարգավիճակով
ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը նպատակահարմար է համարում ստեղծվող կամ ստեղծվելիք «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի հետ այս փուլում համագործակցել դիտորդի կարգավիճակով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը:
Նա նշեց, իրենք քննարկելուց հետո են հանգել նման դիրքորոշման: Ըստ Ա. Վարդանյանի, իրենց դեռևս հայտնի չէ ազդարարվող քաղաքական խորհրդի նախնական կազմը, ձևավորման սկզբունքները, աշխատակարգը:
ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Սուսաննա Գրիգորյանն ասաց, որ ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդի հաջորդ որոշումը վերաբերում է Հայաստանում ստեղծված լարվածությունը մեղմելուն. «Անկախության հանրաքվեի 25-ամյակի առիթով դիմել Հայաստանի իշխանություններին՝ համաներում հայտարարել և ազատ արձակել քաղաքական դրդապատճաներով և քաղաքական նկատառումներով կալանավորված, դատապարտված մարդկանց»:
Ասուլիսին ներկա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին: «Ի զարմանս ինձ, Արցախը Հայաստանից տարբեր համակարգի ընտրությամբ է ընթանում և դա այն համակարգն է, որը առավելապես մոտ է բացարձակ ժողովրդավարության գաղափարին, կոչվում է նախագահական»,- ասաց նա:
Ըստ նրա, Արցախի՝ ամենաժողովրդավարական երկիր դառնալն ավելի լուրջ ներդրում կլինի արցախյան հարցում, քան աշխարհի ամենահզոր զենքերի տրամադրումն Արցախին: