Ուսուցիչն աստվածային արարչության մի մասնիկ է կրում. եպիսկոպոս Նավասարդյան
Այսօր` նոր ուսումնական տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ավանդական դարձած այս արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, մարզպետարանների վարչության պետեր և նախարարության աշխատակիցներ:
Արարողությունը սկսվել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ողջույնի խոսքով:
«Ամենքիս մեծագույն երազանքն է, որ 25-ամյա մեր երիտասարդ Հանրապետությունն օրավուր հզորանա, ամուր լինի իր հիմքերի, իր սյուների վրա, և կերտվեն դեպի ապագան հայացքները հառած ազգային գիտակցությամբ, եկեղեցական պատկանելությամբ, հոգևոր արժեքներով օժտված ու լուսամիտ քաղաքացիներ: Այս գործում կարևոր է ձեր առաքելությունը: Այս մտածումներով է, որ շնորհավորում ենք ամենքիդ՝ ի դեմս ձեզ՝ մեր կրթության գործի բոլոր պատասխանատուներին, դաստիարակներին, մանկավարժներին..., որպեսզի այս գողտրիկ արարողությանը մասնակցելով՝ նորոգեք ձեր ուխտը, ձեր միտքն այն վեհ գործի հանդեպ, որ մենք կոչում ենք աստվածային, աստվածահաճո առաքելություն», - նշել է Վարդան Սրբազանը։
Սրբազան Հայրն ընդգծել է, որ կրթության մշակները պարտականություն ունեն սիրո միջնորդ դառնալու կրթության, գիտության, բարձր բարոյականության և մեր մատաղ սերունդների միջև: Իր խոսքում Նաթան Սրբազանը մասնավորապես անդրադարձել է ուսուցչի առաքելության գաղափարին:
«Ուսուցիչը որքան էլ գիտելիքներ է տալիս, և որքան էլ գիտելիքը կարևոր է, սակայն ուսուցիչն աստվածային արարչության մի մասնիկ է կրում, որ արարում է մարդ, իսկական մարդ՝ ապագայի լավ քաղաքացի՝ օժտված բարձր բարոյականությամբ և բարձր գիտելիքներով: Ճիշտ է, որ մենք մշակ ենք կոչում կրթության անդաստանի բոլոր աշխատողներին, որովհետև իրապես մշակի մի գործ է՝ մշակել, սերմեր ցանել, մշտապես այդ սերմերը խնամել ու փայփայել, որպեսզի ստանանք այն պտուղները, որ յուրաքանչյուրիս երազանքն է:
Այսօր տարբեր ձևով են անվանում ուսուցիչներին՝ դասախոսներ, պրոֆեսորներ, բայց բոլորս մնում ենք ուսուցիչ, ուսուցիչ, որ ձևավորում է միտք, ձևավորում է մարդ և ձևավորում է ապագան», - նշել է Սրբազան Հայրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան