Ջոն Նեշի Նոբելյան մեդալը վաճառվելու է աճուրդում
Ամերիկացի հայտնի մաթեմատիկոս Ջոն Նեշի Նոբելյան մեդալը ցուցադրվելու է Sotheby's-ում հոկտեմբերի 17-ին կայանալիք աճուրդում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով New York Times-ին:
Մեդալի արժեքը կարող է տատանվել 2,5- 4 միլիոն դոլարի սահմաններում:
Նեշը 1994 թվականի Նոբելյան մրցանակակիր է տնտեսագիտության ոլորտում «Ոչ կոոպերատիվ խաղերի տեսության հավասարակշռության վերլուծության համար»։ Նա մահացել է 2015-ին՝ ավտովթարից: Լայն հասարակությանը հայտնի է դարձել ռեժիսոր Ռոն Հովարդի «Բանականության խաղեր» կենսագրական դրամայից հետո:
Նեշի մրցանակն առաջին Նոբելյան մեդալը չէ, որ վերջին տարիներին ներկայացվել է աճուրդներում: 2013-ին 2,3 միլիոն դոլարով վաճառվել էր Ֆրենսիս Կրիկի մեդալը: