Սեյրան Օհանյան. Հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան
Հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
Նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները:
Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքներին և ընդգծելով, որ օգոստոս ամսվա ընթացքում սահմանագոտում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, Սեյրան Օհանյանը որոշակի խնդիրներ է առաջադրել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: