Սերժ Սարգսյան. Իրադարձություններն այնպես են զարգացել, որ չեմ կարողացել զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ
«Իհարկե, փոքր ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ կարող եմ դառնալ նախագահ: Եվ ոչ միայն փոքր ժամանակ: Նույնիսկ Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո վերադարձել եմ Ստեփանակերտ, աշխատել եմ: Նույնիսկ այդ ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ կարող եմ որևէ պաշտոն ունենալ Հայաստանի Հանրապետությունում»,- ՀՀ նախագահական նստավայրում տարբեր մրցույթներում, օլիմպիադաներում մրցանակների արժանացած և 2015-2016 թթ. ուսումնական տարվա ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում մեդալակիր շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին՝, թե փոքր ժամանակ երազո՞ւմ էիք կամ մտածո՞ւմ էիք նախագահ դառնալու մասին, առհասարակ՝ ի՞նչ էիք ուզում դառնալ:
Շարունակելով պատասխանել հարցին, երկրի ղեկավարն ասաց. «Իրադարձություններն այնպես զարգացան, որ այսպես ստացվեց՝ չգիտեմ՝ լա՞վ է մեր ժողովրդի համար, թե՞ վատ, լա՞վ է իմ համար, թե՞ վատ:
Փոքր ժամանակ երազում էի դառնալ պատմաբան, այնուհետև՝ 9-10-րդ դասարաններում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դրա համար ընդունվել եմ բանասիրական ֆակուլտետ: Իրադարձություններն այնպես են դասավորվել, զարգացել, որ չեմ կարողացել զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ»:
Պատասխանելով հարցին, թե դպրոցում ո՞ր առարկան էիք սիրում, Սերժ Սարգսյանն ասաց. «Դժվար է ասել, տարբեր ժամանակներում տարբեր է եղել՝ քիմիա, պատմություն, հայոց լեզու: Բայց եթե խորհուրդ ես ուզում՝ բոլոր առարկաները պետք է սիրել: Միշտ վստահ եղեք՝ հաջողության է հասնում այն աշակերտը, ով մի առարակային փայլուն տիրապետում է, բայց նաև լավ տիրապետում է մնացած առարկաներին:
Լավ գիտնականը շատ գնահատելի է, բայց լավ գիտնականը պետք է նաև լավ քաղաքացի լինի»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը՝ հաղթած աշակերտներին. Ձեր շնորհիվ կառուցվելու է ապագա Հայաստանի դիմագիծը
- ՀՀ նախագահ. Ուսման ընթացքում երկու տարի ԶՈՒ-ում ծառայելն որևէ խոչընդոտ չէ լավ գիտելիք ստանալու համար
- Նոր բուհ ընդունված ուսանողի առաջարկը՝ ՀՀ նախագահին