Նախարար. Արագածոտնում մշակում են վարելահողերի 80 տոկոսը
Արագածոտնի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 3100 հեկտար ավել հող է մշակվել: Մարզում բերքահավաքի ընթացքին այսօր հետևած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դա լուրջ ցուցանիշ է համարել:
«Այս պահի դրությամբ մարզի մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի ավելի քան 80 տոկոսը: Աճի այս տեմպերն անհրաժեշտ է պահպանել, որպեսզի չմշակվող հողեր առհասարակ չունենանք»,-ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է նախարարը:
Մարզում հացահատիկի 95 տոկոսն արդեն հավաքվել է, ընթացքի մեջ է պտղի` սալորի, դեղձի բերքահավաքը: «Այս տարածաշրջանում բավականին լավ արդյունքներ են սպասվում, կան պտղատեսակներ, որոնք նախորդ տարվա համեմատ նույնիսկ առավել մեծ ծավալներ կապահովեն, դրանք են` սալորը, դեղձը, կեռասը» ,-ասել է նա:
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի խոսքով` գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել մարզի համար, և նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշների աճ է գրանցվել:
Նախարարի խոսքով` այս պահին նախարարության ուշադրության կենտրոնում բերքի իրացման` մասնավորապես խաղողի մթերմանն առնչվող հարցերն են, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: