Հուլիսին հարկերի հավաքագրման առումով շատ տխուր պատկեր է եղել. ՀԺ
Պնդումները, թե հուլիսին հարկերի հավաքագրման առումով շատ տխուր պատկեր է եղել, երեկ հաստատվել են պաշտոնապես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկանքի տեսքով։ Ըստ այդմ՝ հուլիսին հավաքագրվել է 90.1 մլրդ դրամ. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Այս տարվա պետբյուջեի եկամտային մասը ապահովելու համար ամսական պետք է հավաքագրվի միջինը 5 տոկոս ավելի հարկ, քան անցած տարվա նույն ամսին։ Անցած տարվա հուլիսին հավաքագրվել էր 91.5 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած, բավական չէ, որ չի կատարվել այս տարվա հուլիսի պլանը, դեռ մի բան էլ անցած տարվա նույն ամսի համեմատ է ավելի քիչ հարկ հավաքվել։ Այս տարվա ընթացքում առաջին անգամ չէ, որ ամսական կտրվածքով ավելի քիչ հարկ հավաքվի, քան անցած տարի։
Նույն երևույթը արձանագրվել է նաև հունվարին և փետրվարին։ Բայց երբ մարտի սկզբին ՊԵԿ-ը առանձնացվեց ֆինանսների նախարարությունից, և այդ գերատեսչության ղեկավար նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, հարկային հավաքագրումները կտրուկ աճեցին։ Բայց քանի որ դա իրականացվում էր արհեստականորեն և ամենևին պայմանավորված չէ ոլորտի բարեփոխմամբ, ուստի հավաքագրման աճի տեմպը սկսեց սահուն նվազել և հուլիսին արդեն ունեցավ բացասական ցուցանիշ»,-հավելել է թերթը։