Տնտեսագետ. Ռուսաստանն այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած բոլոր երկրների հետ
ԵԱՏՄ-ին անդամակցելը չէր կարող դրական անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանն, ըստ էության, կատարելով այս ընտությունը, կորցրել է իր սուվերենությունը, ինչը ոչ միայն քաղաքական հասկացություն է, նաև շատ կարևոր է տնտեսական զարգացման համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ է տվել Հայաստանին մոտ երեք տարի ԵԱՏՄ անդամ լինելը:
Նա ընդգծեց, որ միայն սուվերեն պետությունը կարող է տնտեսության ոլորտում գրանցել առաջընթաց: Ըստ տնտեսագետի, ԵԱՏՄ անամակցությունից հետո ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը, անկում է ապրել ՀՆԱ-ն:
«Այս նախագիծը ոչ թե տնտեսական նախագիծ էր, ի սկզբանե քաղաքական բնույթի նախագիծ է եղել՝ հետխորհրդային տարածքում միասնական պետության վերականգնում Ռուսաստանի ղեկավարությամբ: Մենք ականատես ենք եղել այս ընթացքում դրա հաստատմանը: Այսինքն այն փաստարկներ, որ պետք է Հայաստանը կամուրջ լիներ ԵԱՏՄ երկրների համար, չի դիմանում քննադատությանը, հակառակը՝ ԵԱՏՄ-ն, մասնավորապես Ռուսաստանը քանդում են, այրում են Հայաստանի բոլոր կամուրջները մնացած բոլոր երկրների հետ»,- ասաց Ա.Եղիազարյանը:
Նրա դիտարկմամբ, այսօր Հայաստանն այս վիճակից դուրս գալու մեկ ելք ունի՝ վերականգնել սուվերենությունը. «Հայաստանը սուվերենությունը կարող է վերականգնել մեկ ճանապարհով՝ օր առաջ դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, այն կառույցներից, որոնք մեզ կապում են Ռուսաստանի և այդ տարածքի հետ, ինտեգրվել ատլանտյան կառույցներին»:
Միաժամանակ նա հավելեց, որ ԵԱՏՄ-ն որպես տնտեսական ինտեգրացիոն տարածք, ըստ էության, գոյություն չունի, ձախողված նախագիծ է եղել, ապագա չունի, ինտեգրացիոն պոտենցիալ չունի, միայն փաստաթղթեր են, բայց որոնք Հայաստանին այլ ընտրության հնարավորություն չեն տալիս:
«Շատ լավ հասկանում են, որ Եվրամիության հետ իրավական այսպիսի բազայի ստեղծումը հնարավարություն կտա մեզ ավելի շուտ ինտեգրվել Եվրամիությանը, և այն, ինչ կարող է մեզ տալ, ավելի իրական է»,- ասաց Ա. Եղիազարյանը: