Հայաստանում աուտիզմ համախտանիշ ունեցող երիտասարդները կներգրավվեն ՏՀՏ ոլորտում
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամն «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հետ համատեղ ներկայացնում են իրականացվող «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» նախագիծը, որը հնարավորություն է ընձեռնում աուտիզմ համախտանիշ ունեցող երիտասարդներին բացահայտել մասնագիտական նոր հնարավորությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը նշեց, որ նախագծի նպատակն է Հայաստանում աուտիզմ համախտանիշ ունեցող անձանց համար առաջին անգամ կազմակերպել ՏՀՏ դասընթացներ, ապահովել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում և հետագայում աջակցել նրանց աշխատանքի տղավորման գործընթացին, մասնավորապես Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում:
«Ընկերությունը դեռևս իր գործունեության սկզբից անդրադարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց զբաղվածության խնդրին: Այս պահին մենք մեր շարքերում ունենք նմանատիպ անձիք, ովքեր բավական հարմարավետ են զգում մեր ընկերությունում: Այս ծրագրի թիրախային խումբը 15-ից բարձր տարիք ունեցող անձիք են»-հայտնեց ընկերության փոխտնօերնը:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ հույս հայտնեց, որ ծրագրի կատարումը կդառնա օրինակ Հայաստանի ՏՏ և այլ ոլորտների համար՝ սահմանափակ կարողություններով անձանց համար մասնագիտական թրեյնինգներ անցկացնելու և աշխատանքով ապահովելու համար. «ԱՄՆ-ում արդեն կան նման փորձեր և արդյունքները զարմանալի են: Մենք ուսումնասիրել ենք նրանց փորձը և հիմա այն պետք է փորձենք տեղափոխել Հայաստան: Վստահորեն կարող եմ ասել, որ այս ծրագիրը կհասցնենք ավարտին, բայց այն երկարատև ու մանրակրկիտ աշխատանք ու համբերություն է պահանջում»:
Հիմնադիր տնօրենը ընդգծեց նաև, որ այս ծրագրի մեկնարկից առաջ դիմել են ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ ստանալու նրա համագործակցությունն ու հավանությունը. «Հաշվի առնելով տիկին Սարգսյանի մշտական ուշադրությունը սահմանափակ կարողություններով անձանց՝ մասնավորապես նրա ներդրումը «Աուտիզմ ազգային հիմնադրամի» ստեղծման և զարգացման գործում, մեկնարկից առաջ դիմեցինք մեր համագործակցությանն օժանդակելու համար»:
Հանդիպմանը ներկա «Աուտիզմի ազգային հիմնադրամի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանն էլ ասաց, որ իրենց կենտրոնում գրանցված է աուտիզմ համախտանիշ ունեցող 135 երեխա և դեռահաս:
««Տեխնոլոգիաներն առանց սահմանների» ծրագրում պետք է ընդգրկվեն այն դեռահասները, որոնք համապատասխանում են այդ ծրագրին»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին