Սուրիկ Խաչատրյանի հարազատները դատապարտվել են
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով «Սդղի գյոլի» գործի շրջանակներում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատները դատապարտվել են տարբեր չափերի ազատազրկման:
Դատավոր Անդրանիկ Մնացականյանը սեպտեմբերի 19-ին կայացած նիստում հրապարակել է դատավճիռը, որի համաձայն այս գործով ամբաստանյալներ և Սուրիկ Խաչատրյանի մերձավոր հարազատներ Աղալար Խաչատրյանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման, Մայիս Խաչատրյանը՝ 2,5 տարվա ազատազրկման, Էյներ Խաչատրյանը 1 տարի ազատազրկման, Շահում Դավթյանը՝ 6 ամսվա ազատազրկման: Ամենամեծ պատժաչափն ստացել է Յուրի Մանուչարյանը, որն այժմ կալանավորված է. նա դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Կալանքի տակ է նաև Մայիս Խաչատրյանը:
Խաչատրյանների փաստաբան Արմեն Մելքոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դժգոհ են նման դատավճռից՝ «գնահատականը օբյեկտիվ չէ» և պատրաստվում են բողոքարկել:
«Միանշանակ բողոքարկելու ենք: Դեռ դատավճիռը չենք ստացել, ստանանք, անպայման բողոքարկելու ենք», -ասաց Մելքոնյանը:
Յուրի Մանուչարյանը ամենամեծ պատժաչափն է ստացել, քանի որ նրա անմիջական գործողությունների հետևանքով է տուժածներ Զաքարյան եղբայրներից մեկի աչքը վնասվել:
Մելքոնյանն ասաց, որ իրենց չի բավարարում նման դատավճիռը քանի որ տուժողների հետ կողմերի միջև կայացել է հաշտություն և նրանք բողոք չունեն:
Հիշեցնենք՝ 2015-ի մայիսի 1-ին «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով Հարություն և Մուշեղ Զաքարյանները վնասվածքներ էին ստացել: Հարություն Զաքարյանը տեսողությունը կորցրել էր և նրան տեղափոխել էին Մոսկվա ու մի քանի անգամ վիրահատության ենթարկել:
Հարակից հրապարակումներ`
- Աղմկահարույց «Սդղի գյոլ»-ի գործով դատական նիստի օրը հայտնի է
- «Սդղի գյոլ»-ի գործ. «Նախաքննությունը ճիշտ գնահատականներ չի տվել, անմեղ մարդն անազատության մեջ է»
- «Լիսկայի» եղբորորդին «Սդղի գյոլի» գործով ներգրավել է որպես մեղադրյալ ու ազատ արձակվել
- Մեր աչքը գործի վրա է. Պաշտպանը` Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
- Գորիսի ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը այսօր կվիրահատեն
- Լիսկայի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են. «ՀԺ»