Արտակ Զաքարյանը կարևորել է Մեքսիկայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների նախարարության Եվրոպայի վարչության պետ, դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոյի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են միջխորհրդարանական կապերի կայուն և դինամիկ զարգացման և ամրապնդման անհրաժեշտության մասին, կարևորել բարեկամական խմբերի միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցերը:
Կողմերն անհրաժեշտ են համարել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար, արդյունաբերական կապերի զարգացումը:
Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիսկո դել Ռիոյի այցը ՀՀ Ազգային ժողով նոր շունչ կհաղորդի և արդյունավետ կլինի հետագա համագործակցության զարգացման գործում:
Արտակ Զաքարյանը կարևորել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոն տեղեկացրել է Երևանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս ունենալու մեքսիկական կողմի մտադրության մասին, ինչը հայ խորհրդարանականները ողջունել են` համարելով այն անչափ կարևոր քայլ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադառնալով Մեքսիկայում հայ համայնքի դերին և գործունեությանը` հյուրը վստահեցրել է, որ հայ համայնքը լիովին ինտեգրված է երկրի ներքին կյանքին` Նա տեղեկացրել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամական խումբ:
Ֆրանսիսկո դել Ռիոն նշել է, որ Մեքսիկան իր Սահմանադրության մեջ ամրագրել է արտաքին քաղաքականության սկզբուքները, որոնց թվում են ազգերի ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, միջազգային համագործակցությունը: Եվ Մեքսիկան, առաջնորդվելով այդ սկզբունքներով, աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին և ցանկանում է լավագույնը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Նշենք, որ պատասխան այցով Մեքսիկա կայցելի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: