Նշանակումը կլինի, թե ոչ, կտեսնեք. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ստացել է նոր կառավարությունում իր աշխատանքը շարունակելու առաջարկություն:
«Եղել է առաջարկ: Նշանակումը կլինի, թե ոչ, կտեսնեք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ձեզ տեսնո՞ւմ եք նոր կառավարությունում, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Ես չէ, որ ինձ պետք է տեսնեմ նախարարի պաշտոնում: Վարչապետի առաջարկությամբ նախագահն է նշանակում նախարարներին»:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվաքծային փոփոխություններից հետո քանի առընթեր մարմիններ, կոմիտեներ ու գործակալություններ կլինեն հարցին, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցն այժմ քննարկվում է կառավարությունում:
«Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախարարությանը, այն վերացվելու է, բայց ինչ կարգավիճակով կլինի, չկա վերջնական որոշում»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պրիմիտիվ գողությունների վերաբերյալ հայտարարությունը, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել վարչապետի հայտարարությունը քաղաքական մակարդակով:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է կոռուպցիայի պայքարի ռազմավարությունը փոխվի, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ նմանատիպ քննարկումներ չեն եղել, բայց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանձնարարականների շրջանում կան մի քանի առաջարկություններ, ԱԺ արտահերթ նիստի օրակագում է գտվում հակակոռուպցիոն փաթեթի կարևորագույն օրինագծերից մեկը: