Խոշոր խանութները՝ կապիտալի արտահոսքի պատճառ
ՀՀ Ազգային ժողովում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ շատ կարևոր է՝ բարձրացնել ՓՄՁ-ի ոլորտի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում:
Պատգամավորը նշեց, որ գարնանը Բրյուսելում ՓՄՁ-ների մասին քննարկում է եղել, որտեղ իրեն խնդրել են զեկուցում կարդալ: «Շատ զգուշորեն ներկայացրեցի Հայաստանի թվերը: ՀՀ վիճակագրական վարչությունը ներկայացրել էր, որ ՓՄՁ-ներն արտադրում են ՀՆԱ-ի 70 տոկոսը: Այս թիվը լսելով՝ մի պրոֆեսոր ասաց՝ «Դուք չունեք փոքր ու միջինի վիճակագրություն, մենք մի կերպ մեկ տարի աշխատելով գնահատել ենք, բայց դա դժբախտաբար ոչ թե 70 տոկոս է, այլ՝ 14 տոկոս: Թիվը տարբերվում էր 5 անգամ: Այսպիսին է մեր վիճակագրությունը: Երբ նրանք ասում են, որ կա 12 հազար խանութ, բայց կարող է լինել 3000: Մենք չունենք վիճակագրություն, բոլորը սովորել են թվեր նկարել: Մենք ամոթից գետինն էինք մտնում: Վրաստանի վերաբերյալ ավելի լավ զեկույց էինք կարողանում ներկայացնել, քան՝ Հայաստանի, քանի որ թիվ չկա»,- նշեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ այդ թվերը ներկայացրել են նաև Էկոնոմիկայի նախկին նախարարին, որը այդ ցուցանիշները խայտառակություն է անվանել:
Այնուհետև անդրադառնալով օրենքի փոփոխությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է 5 մլրդ դոլարի առևտուր, որը տեսականորեն կարելի է բաշխել 15 մոլերի մեջ, իսկ մնացած խանութները փակել, բայց այդ դեպքում, ըստ նրա, կդադարի զարգանալ ոչ միայն փոքր բիզնեսը, այլև հենց խոշորը:
«Եթե դա անում է միայն խոշորը, ապա գումարը կուտակվում է խոշոր բիզնեսի մոտ, բայց նա չի իմանում ինչ անի դրա հետ: Տներ են կառուցում, բայց չի վաճառվում և սկսվում է կապիտալի արտահոսք: Դրա համար մեր երկրում կապիտալի տարեկան ներհոսքը միջինը 1.4 մլրդ դոլար է, արտահոսքը՝ 800 մլն: Կապիտալի արտահոսքով մենք հավասար ենք խոշոր կապիտալ արտահանող խոշոր կապիտալիստական երկրներին: Սա է խնդիրը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքերով՝ պետք է բալանսը պահպանել: Դրա համար, ըստ նրա, երբ կառուցվում է խոշոր առևտրական կենտրոն, ապա մինչև կառուցումը պետք է վերլուծություններ անել, քանի որ կառուցելուց հետո այդ տարածքում 1000-1500 խանութ փակվում է: «Դրա համար մոլերի առաջ պետք է խիստ պայմաններ դրվեն»,- նշեց նա: