Ընտրությունների առիթով առճակատման մեջ մտած Մարուքյանն ու Փաշինյանը միասին «բաժակ են խփել»
Վանաձորի ավագանու անդամի ընտրությունների կապակցությամբ առճակատման մեջ մտած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ընդունել են ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հրավերը և հյուրընկալվել նրանց տան:
Այդ մասին փաստող լուսանկարներ են քաղաքական գործիչներըր տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջերում, իսկ պատգամավոր Թևան Պողոսյանը այսօր առավոտյան գրել է.
«Ավարտելով «գինեխմության» թեման պիտի ասեմ հետևյալը. շնորհակալ եմ Նիկոլին ու Էդմոնին: Տղերք ապրեք: Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ Հայաստանն իրոք կարող է այլ լինել, այլ աշխարհընկալմամբ առաջ գնալ, այլ տիպի հարաբերություններ տիրապետող դարձնել: Գիտեմ, որ անցնելու շատ երկար ճանապարհ կա, բայց վստահ եմ, որ ձեր հետ այդ ճանապարհը կարելի է անցնել:
Դուխով տղերք, մնացեք ձեր իսկ ընտրած քաղաքական դաշտում, բայց տվեք մեր երիտասարդ սերնդին ընտրելու հնարավորություն, նոր մշակույթ. ընտրել ծրագիրը, ընտրել թիմերը, ընտրել համակարգը, ընտրել առաջարկվող ինստիտուտները, բայց ոչ միայն անձերը:
Ընտրել տեսլականը, բայց ոչ թե 5000 դրամը կամ միայն անձերը: Վիճեք, բանավիճեք, պայքարեք, քննադատեք, տո լավ էլ քլնգեք, բայց ոչ թե այն, ինչ կցանկանար իշխանությունը` անձերը, այլ ծրագրերը:
Նիկոլ ջան, Աստված պահապան քո սկզբունքայնությունը: Դա է մեր ապագայի հիմքը: Էդմոն ջան, Աստված պահապան քո լուսավոր մղումներին: Դու ես քաղաքակրթական նոր մշակույթը բերելու Հայաստան:
Հ. Գ. Համեստ անձիս «իրական մղումների» մասին էլ «հիմնավոր» հավաստիացումներ գրողներին ասեմ. չեմ պատրաստվում լինել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, չեմ պատրաստվում լինել «Լուսավոր Հայաստանի» անդամ, նոր պառլամենտ չեմ ձգտում, պատրաստվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող մտածող կենտրոնի իմ ընկերների հետ Նիկոլենց ու Էդմոնենց համար աշխատող ու հիմնավոր ծրագրեր մշակել»:
Հիշեցնենք՝ հետևելով Փաշինյանի և Մարուքյանի միջև սկիզբ առած հեռակա բանավեճին, Թևան Պոցոսյանը բաց նամակով հրավիրել էր գործընկերներին իրենց տուն իր «քաշած» գինին խմելու:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյանի բաց նամակը Փաշինյանին և Մարուքյանին
- Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ