Հումմելսը մարզվում է ընդհանուր խմբում
«Բավարիայի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մաթս Հումմելսը կարող է օգնել իր թիմին իսպանական «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում։ Հիշեցնենք, որ Հումմելսը վնասվածք է ստացել «Համբուրգի» հետ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում, որում մյունխենցիներն առավելության են հասել 1։0 հաշվով։
Սակայն «Բավարիայի» երկրպագուների ապրումներն իզուր էին. ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, արդեն երեկ 27-ամյա պաշտպանը մարզվում էր ընդհանուր խմբում։
Մադրիդյան «Ատլետիկոյի» հետ հանդիպումը կկայանա չորեքշաբթի, ուստի հավանականությունը, որ Մաթսը խաղադաշտ կմտնի, բավական մեծ է։