Ադրբեջանում բանտարկված իսլամական գործիչն իր երախտագիտությունն է հայտնել իրանցի հոգևորականին
Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովն իր երախտագիտությունն է հայտնել իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազիին,-հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իր» կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի Իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովի փաստաբան Յալչին Իմանովը «Ղուբուստան» բանտում հանդիպել է իր պաշտպանյալին:Շ
Հանդիպման ընթացքում Մոհսեն Սամադովն անդրադարձել է սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Զրույցի ընթացքում Սամադովը բարձր է գնահատել իրանցի հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազիի դերն Ադրբեջանի շիաներին ցուցաբերած աջակցության գործում:
Իրանական «Ղաֆղազ.իր» կայքն օրերս հաղորդել էր, որ ազատազրկման մեջ գտնվող Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովն ի նշան Ադրբեջանի սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների հացադուլ էր հայտարարել, սակայն որոշ ժամանակ անց Սամադովն իրանցի բարձրաստիճան հոգևորական Մաքարեմ Շիրազիի հորդորով դադարեցրել է հացադուլը:
Հիշեցնենք, որ 2010թ. այաթոլլահ Մաքարեմ Շիրազին Իլհամ Ալիևին հղած ուղերձում սպառնացել էր, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդելու գործընթացը, ապա Իրանի բարձրաստիճան հոգևորականությունը պայքարի ֆեթվա կարձակի և, այն մարդը, որն այդ ճանապարհին կզոհվի, շահիդ կհամարվի: