Հերթական «շտոպկան»՝ ով տեր ունի՝ մնաց, իսկ «անտերները» վերաձևվեցին կոմիտեների. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ֆինանսների նախարարության կազմից առանձնացնել պետական եկամուտների կոմիտեն: Ինչպես նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՊԵԿ-ը նորից առանձնացնելու հետևանքով ՊԵԿ նախագահի, նախագահի տեղակալների պետական դրույքաչափերն ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշեց, որ սա տեխնիկական բնույթի փոփոխություն է, բայց այն ցայտուն բացահայտում է մի շարք հետաքրքիր երևույթներ:
«Երեկ խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները, հերթական անգամ այս կառավարությունը ձևվեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք ակնհայտ է պիտի դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձը տեր ուներ, մնացին նախարարություն, հարաբերականորեն «անտերները» վերաձևվեցին կոմիտեների: Հերթական «շտոպկան», կարուձևը տեղի ունեցավ՝ հերթական խումբ մարդկանց վրա»,- ասաց նա:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ երբ նախորդ կառավարությունները «ձևվում էին կոալիցիոն հուշագրի համաձայն, գոնե այնքան պարկեշտություն ունեցան՝ ասացին, որ այդ «շտոպկան» քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է. «Կապ չունի՝ մարդը ոլորտին տիրապետում է, թե չէ, կարող է լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն, նախորդ անգամ բացահայտ ասեցին, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է այդ «շտոպկան, կառավարության հերթական կարուձևը, իսկ այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, ասացին՝ այդպես է պետք: Կարո՞ղ է վաղը էլի միաձուլվեք, բերեք նոր վերանայումներ անեք»:
Նաիրա Զոհրաբյանը դիմելով նախագիծը ներկայացնող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե ինչո՞ւ չեն հրաժարվում իրենց 10 տոկոս հավելավճարներից. «Տեխնիկական նախագծերի տակ արատավոր փիլիսոփայությունն է, որ երևում է։ Վաղն էլ, երբ կլինի նոր կառավարություն, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ կողմ կքվեարկի: Պրոֆեսիոնալիզմից, օպտիմալ կառավարումից չխոսեք, կան անձինք, որոնք տեր ունեն և մնացին կառավարությունում, և կային «անտերներ», որոնց կարելի էր «փուռը» տալ և քաղաքական նոր համաձայնությունները ձևավորել նոր դեմքով»:
Ըստ պատգամավորի՝ որևէ երաշխիք չկա, որ վաղը մեկ այլ նոր կառավարություն՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ մերձավորներին վերադասավորելու տեսանկյունից նորից կմիաձուլի, նորից կբաժանի և դրանից կառաջանա հերթական անհրաժեշտությունը՝ փոփոխություններ կատարել օրենքում: