Առողջապահության նոր նախարարն «Ինգո»-ից մարդկանց ուղղորդում էր իր «Վարդանանց» բուժկենտրոն. «Առավոտ»
«Առավոտ»-ը հրապարակել է առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բուժկենտրոնի լուսանկարը։ Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Ալթունյանը նշանակվեց առողջապահության նախարար։ Նա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն է։
«Առավոտ»-ի հետ զրույցում Ալթունյանն ասել է, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց ինչպես ասել է նախարարը՝ բիզնես ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։
«Վարդանանց» բուժկենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին։ 1996-ին Ալթունյանը հիմնադրել է «Էֆես» ապահովագրական ընկերությունը. այն հետագայում վերանվանվել է «Ինգո Արմենիա», որի գործադիր տնօրենը պարոն Ալթունյանը եղել է մինչև նախարար նշանակվելը։
Թերթի այն հարցին՝ երբ «Ինգո Արմենիայի» ղեկավար էիք, առողջությունն ապահովագրողներին ուղղորդում էիք Ձեզ պատկանող «վարդանանց» կենտրոն, այդպե՞ս է, նորանշանակ նախարարն ասել է. «Այո, այդպես է, նու, ուղղորդել որն է, մենք ուղղորդելու իրավունք չունենք։ Ուղղակի ամեն ինչ այնպես ենք կազմակերպել, որ մարդիկ իրենք ուզենան «Վարդանանցում» բուժվել, բարձրորակ ծառայություններ ենք մատուցում»։
Թե որը կլինի նորանշանակ նախարարի համարձակ առաջին քայլը, կադրային փոփոխություններ կանի, թե ոչ, պարոն Ալթունյանը դժվարացել է ասել. «Ես դեռ նախարարության շենք չեմ մտել, ինչպե՞ս կարող եմ պատասխանել։ Պատկերացում ունեմ առողջապահության ոլորտի մասին, բայց այդպես հայտարարություն չեմ կարող անել, կծանոթանամ կառուցվածքին, մարդկանց հետ, նոր կորոշեմ։ Ամեն դեպքում, դա ժամանակի հարց է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում