Օնլայն՝ Menu.am Ամերիաբանկի նոր համակարգով
Ամերիաբանկը, Menu.am ընկերության առաջարկի հիման վրա մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս համակարգի յուրահատկությունն այն է, որ ինտերնետ միջավայրում գնումներ կատարելու համար հաճախորդը տվյալ կայքում լրացնում է իր քարտային տվյալներն ընդամենը մեկ անգամ, և այլևս տվյալ կայքից գնում կատարելիս քարտային տվյալների մուտքագրման անհրաժեշտություն չի լինում:
Առաջարկելով այս լուծումը` Ամերիաբանկն ապահովել է հաճախորդների տվյալների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, մասնավորապես` հաճախորդի վճարային քարտի տվյալները պահպանվում են միայն կենտրոնացված պրոցեսինգային կենտրոնում, և անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:
Առցանց վճարումների ընդունման այս հնարավորությունն էապես կնպաստի բոլոր այն բիզնեսների զարգացմանը, որոնք իրենց ապագան տեսնում են օնլայն տիրույթում և պատրաստ են դուրս գալ միջազգային շուկաներ:
Վճարման նոր համակարգի վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսահոլովակում: