Գերասիմով. ԱՊՀ անդամ երկրների սահմանները հեռու են կայուն լինելուց
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բանակի գեներալ Վալերի Գերասիմովը կոչ է արել ԱՊՀ երկրներին ընդլայնել համագործակցությունները պաշտպանության և ահաբեկչության պայքարի համար: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Հաշվի առնելով այն, որ միության արտաքին սահմանները հեռու են կայուն լինելուց, մեր առջև ծառացել է միասնական խնդիր՝ թույլ չտալ ԱՊՀ տարածքում ահաբեկչության տարածումը»,- հայտարարել է Գերասիմովը ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների հանձնաժողովի նիստի ժամանակ:
Նա նաև նշել է, որ ստեղծված բարդ իրավիճակում անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում և հավելել, որ ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցությունը թույլ է տալիս զարգացնել տարբեր ուղղություններով փոխգործակցությունը:
Գերասիմովն ընդգծել է նաև ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության իրավական հիմքը, մատնանշելով ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգը մինչև 2020թ.-ը:
«Հայեցակարգում կարևորվում է մեր զինված ուժերի ամրացումը, ազգային անվտանգության ապահովումը, բարի դրացիական հարաբերությունների զարգացումը: Իսկ այսօրվա նիստը կարևոր քայլ է համարվում այդ ուղղությամբ»,- նշել է նա:
Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ասոցացված անդամ է՝ Թուրքմենստանը, իսկ Ուկրաինան թեև ԱՊՀ հիմնադիրներից է, սակայն ԱՊՀ կանոնադրությունը չի վավերացրել։