Կկանոնակարգվի հյուպատոսական հաշվառման ոլորտը
Կառավարությունը հաստատել է հյուպատոսական հաշվառման կանգնելու և հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը և սահմանել լիազոր մարմին: Որոշմամբ առաջարկվում է կարգավորել և դյուրացնել ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելու գործընթացը: Քաղաքացիները կկարողանան կանգնել հյուպատոսական հաշվառման ցանկացած վայրից՝ մուտք գործելով համապատասխան էլեկտրոնային կայք:
Հյուպատոսական հաշվառումը հանդիսանում է կամավոր գործընթաց, որը հասանելի է նաև առցանց, հետևաբար ՀՀ քաղաքացիների անձնագրերում հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտություն և գործուն մեխանիզմ չկա: Ըստ այդմ՝ կառավարության որոշմամբ առաջարկվում է վերացնել նման նշում կատարելու իրավունքը` գործող իրավական ակտում ավելորդ դրույթ չունենալու նպատակով:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունած կառավարության որոշումներից մեկում: Արդյունքում՝ կհստակեցվեն և այլ իրավական ակտերին կհամապատասխանեցվեն հյուպատոսական հաշվառման կանգնող ՀՀ քաղաքացիների տվյալները բնակչության պետական ռեգիստր փոխանցելու դեպքերը, եղանակը և տվյալ հարցի հետ կապված այլ հարաբերությունները: