Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքով հրապարակայնացվել է ֆոտոռոբոտ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել են, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի տներից մեկը, կապել տան բնակիչներին, տարեց ամուսիններին դանակով բռնություն գործադրելով՝ պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ և ոսկյա զարդեր՝ ամուսինների վրա հարձակում գործած անձինք դիմել են փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել է և հրապարակայնացվել անձանցից մեկի սուբյեկտիվ պատկերը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նշված անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։