Հայաստանում համաներում հայտարարելու խնդիրը հասունացած է. ՀԽ անդամ
ՀՀ Հանրային խորհուրդը վերջին շրջանում բազմաթիվ նամակներ է ստացել քաղաքացիներից երկրում համաներում հայտարարելու վերաբերյալ և դա հիմնականում պայմանավորված է հուլիսյան դեպքերով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նշենք, որ ըստ ՀԽ-ի տարածած հաղորդագրության, ՀԽ-ում տեղի ունեցած փոքր խորհրդի նիստում կայացել է քննարկում, որի ժամանակ քննարկվել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
«Հանրային խորհուրդը համաներման հարցը քննարկել է նաև հասարակության շրջանում հատկապես հուլիսյան դեպքերից հետո առկա լարվածության թուլացման, հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից, որի պայմաններում կապահովվի նաև նոր կառավարության արդյունավետ գործունեությունը», -ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ:
Հովհաննիսյանի փոխանցմամբ, որպես մարդասիրական քայլ, ՀԽ-ի մեծ մասը կողմ է արտահայտվել, որպեսզի երկրում համաներում իրականացվի, թեպետ քննարկման ժամանակ եղել են նաև տարաձայնություններ քրեական հոդվածների առնչությամբ:
«Առայժմ նախագահին պաշտոնապես չենք դիմել, բայց քննարկել ենք հարցը: Գտնում ենք, որ համաներում անցկացնելու նպատակահարմարություն կա՝ և տնտեսական, և սոցիալական, և քաղաքական և բարոյահոգեբանական առումներով հասունացած խնդիր է», հավելեց պարոն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին