ԿԲ-ն ակնկալում է, որ 2017թ-ին դրամական փոխանցումների ծավալը կաճի
«Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ իրականացնում է լողացող փոխարժեքի քաղաքականություն և արժութային շուկային միջամտում է միայն այն պարագայում, երբ կտրուկ կարճաժամկետ տատանումներ են լինում: Մենք ներկայումս նման տատանումներ չենք կանխատեսում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արտարժույթի փոխարժեքը արհեստական է պահվում:
Նրա խոսքերով՝ Հայաստանում 2014թ. արձանագրված փոխարժեքի տատանումները պայմանավորված էին որոշակի վարքագծի փոփոխությամբ: «Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք՝ շեշտադրելով գնաճային սպասումները: Այսինքն՝ ֆիզիկական անձինք, սպասելով, որ այս կամ այն պատճառով գնաճ է լինելու, փորձում էին իրենց ապահովագրել արտարժույթ գնելու միջոցով: Մեր հարցումները ցույց են տալիս, որ այդ գնաճային սպասումները վերջին երկու տարվա ընթացքում բավականին նվազել են: Դա նաև թույլ է տալիս Կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այդ սպասումների նվազմանը համարժեք»,- ընդգծեց Վահագն Գրիգորյանը:
Անդրադառնալով դրամական փոխանցումներին՝ դրամավարկային քաղաքականության վարչության պետն ասաց, որ արտերկրից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը թե 2014 թ-ին, թե 2015թ-ին էականորեն նվազել են: «Այս տարվա տվյալներով էլ կանխատեսվում է 6-8 տոկոսի նվազում, սակայն կարծում ենք, որ դինամիկան կայունացմանն է ուղղված: Այսինքն՝ չենք ակնկալում, որ այդ նվազումները պարբերաբար շարունակվելու են»,- ասաց Վահագն Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ դրամական փոխանցումների նվազման պատճառը նաև ՌԴ-ում տեղի ունեցող տնտեսական որոշ ցնցումներն էին, սակայն հիմա ճշգտրվում է նրանց տնտեսությունը, ՌԴ-ում նոր ակնհայտ ցնցումներ չեն սպասվում, դրա համար ակնկալում են, որ 2017թ-ին դրամական փոխանցումների տեմպերը կաճեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը 10 տոկոսից ցածր է. ԿԲ ներկայացուցիչ
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պայմանավորված է տնտեսական ընթացիկ իրավիճակներով. ԿԲ ներկայացուցիչ
- Հայաստանի բանկային համակարգն ընթացիկ տարում ցուցաբերել է բավականին դրական առաջընթաց. Անդրանիկ Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին