Հայաստանում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը 10 տոկոսից ցածր է. ԿԲ ներկայացուցիչ
Հայաստանում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը 10 տոկոսից ցածր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Չաշխատող վարկերի հետ կապված՝ մենք պետք է հաշվի առնենք մեթոդաբանական լուրջ տարբերությունները, որոնք շատերը հաշվի են առնում: Մենք ձեզ միշտ ներկայացնում ենք վերահսկողական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություն, որոնք չափից դուրս խիստ մոտեցում են ենթադրում: Այսինքն՝ եթե վարկը թեկուզ մեկ օր ժամկետանց է, չի մարվել, վերահսկողական տեսանկյունից վարկը համարվում է չաշխատող: Դա ներառում է մեկ օր և ավելի ժամկետանց բոլոր վարկերը»,- ներկայացնելով մեթոդաբանությունը՝ նշեց Անդրանիկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ չաշխատող վարկերի մեթոդոլոգիան չի փոխվել, բայց փոխվել է վարքագիծը: Մասնավորապես, մեծացել է մինչև 90 օր ժամկետանց վարկերի քանակը, որոնք շուտ հետ են վերադառնում: «Այսինքն, վարկը կարող է դառնալ ժամկետանց, բայց մի քանի օր հետո նորից վերադառնալ ստանդարտ վարկերի դասին»,- ասաց վարչության պետը:
Միջազգայնորեն ընդունված տարբեր մեթոդաբանություններ համաձայն, ըստ Անդրանիկ Գրիգորյանի, մինչև 30 օր ժամկետանց վարկերը կարող են ընդհանրապես որևէ դասի չդասվել ու համարվել ստանդարտ վարկ: Մինչդեռ ԿԲ-ն, զուտ բանկային արդյունավետ վերահսկողության տեսանկյունից ելնելով, ավելի պահպանողական մոտեցում է ցուցաբերում, որպեսզի կարողանան բանկերի համար ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնեն:
Հարակից հրապարակումներ`
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պայմանավորված է տնտեսական ընթացիկ իրավիճակներով. ԿԲ ներկայացուցիչ
- Հայաստանի բանկային համակարգն ընթացիկ տարում ցուցաբերել է բավականին դրական առաջընթաց. Անդրանիկ Գրիգորյան