DigiWeek-ը շարունակվում է
«DigiWeek» թվային տեխնոլոգիաների շաբաթ» խորագրի ներքո հոկտեմբերի 3-5 տեղի կունենան ENOG 12 և ArmIGF 2016 միջոցառումները, որոնց ակնկալվում է բարձրաստիճան պետական այրերի, տեղական և արտասահմանյան ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների մասնակցությունը։
Կազմակերպիչների հաղորդմամբ, հոկտեմբեր 3-4– ը կանցկացվի Եվրասիական ցանցային օպերատորների խմբի ֆորում՝ ENOG 12 (www.enog.org): Միջոցառումը նախատեսված է ինչպես Ինտերնետի ոլորտում գործող փորձագետների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են Ինտերնետի աշխատանքի կարգավորման, զարգացման և կառավարման ոլորտներում: Ֆորումի շրջանակներում մոտ 300 մասնակից տասնյակ երկրներից հնարավորություն կստանան կիսվել իրենց փորձով և գիտելիքներով, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին: Գրանցված մասնակիցները ներկայացնելու են Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, Նիդերլանդները, Ղազախստանը, ԱՄՆ-ն, Չեխիան, Բուլղարիան, Հունգարիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Լեհաստանը, Հորդանանը, Ռումինիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը և այլ երկրներ։
Միջոցառումը կազմակերպվում է RIPE NCC միջազգային կազմակերպության կողմից (www.ripe.net), ընդունող կողմն է ԱՐՄԻՔՍ հիմնադրամը (www.armix.am), միջոցառման վայրը՝ Մարիոթ Արմենիա հյուրանոցային համալիր։ Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին ժ․ 15:00: Բացման արարողությանը ելույթներով հանդես կգան ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, RIPE NCC գործադիր տնօրեն Աքսել Պավլիկը, Արմիքս հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը։ Ակնկալվում է նաև ՀՀ Վարչապետի ներկայությունը։
Հոկտեմբեր 5-ին կանցկացվի Ինտերնետ Կառավարման Ֆորում՝ ArmIGF 2016 (armigf.am): Ֆորումի հիմնական նպատակն է վեր հանել և քննարկել Ինտերնետ կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, և բովանդակության հետ կապված խնդիրները:
Միջոցառման կազմակերպիչներ են Ինտերնետ Կառավարման հանձնաժողովը (www.igf.am), Ինտերնետ Հանրությունը (www.isoc.am)՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (www.mtc.am) աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «ԴիջիԹեք». «Հայաստանում գիտության և տեխնիկայի զարգացումը դադար չի ունեցել»
- Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես
- Մեկնարկեց «ԴիջիԹեք»-ը. «Հայաստանն աշխարհին շատ բան ունի ցույց տալու»
- Մեկնարկում է 12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը
- ԴիջիԹեքն արտոնյալ պայմաններ է տրամադրում նորաստեղծ ընկերություններին