Երևանում մեկնարկել է «Հեքըթոն 2016»-ը
Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրել են «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Միջոցառումն անց է կացվել «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում: «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս տարի մրցույթի կազմակերպիչներն արձանագրել են բարձր հետաքրքրություն միջոցառման նկատմամբ. «Հեքըթոն»-ին դիմել էին երկու տասնյակից ավել թիմ:
«Հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգինաերի հնարավորությունները և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։
Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում մշակել են հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև ներկայացվել են մասնագետների և մենթորների դատին։ Մրցույթի հանձնաժողովը, ծանոթանալով ներկայացված լուծումներին, որոշել է լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և ակտուալությունը։
Հաղթող են ճանաչվել ArmCover և TopSoft թիմերը, որոնք ստացել համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ: ArmCover թիմը մշակել էր հեռախոսային խոսակցությունները կոդավորող և ապակոդավորող ծրագիր, որը կարող է օգտագործվել բանակում կամ գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս, իսկ TopSoft թիմը առաջարկում էր բարելավել հաճախորդների սպասարկումը խելացի Facebook bot-ի միջոցով։ Երրորդ տեղը զբաղեցրած Ask@run թիմը Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստացել է խրախուսական մրցանակներ։
«Հեքըթոն»-ի ձևաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն և հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում և փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաև մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում և խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում և նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հեռահաղորդակցության ոլորտը հետաքրքիր է և ունի շատ խնդիրներ, որոնց շուրջ մրցույթին հայտ ներկայացրած թիմերը փորձեցին մշակել նորարար տեխնոլոգիական լուծումներ։ Մենք ստացել էինք 32 թիմերի դիմում-հայտեր, և նախնական ընտրության արդյունքում հեքըթոնին մասնակցեցին 17 թիմեր։ Առաջարկվող նախագծերը փորձում էին լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Facebook bot-ից մինչ արհեստական ինտելեկտի միջոցով հաճախորդների վերլուծություն և ավելի լավ սակագնային պլանի առաջարկում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մշտապես խրախուսում է երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ, և հեքըթոնների և աքսելերացիոն ծրագրերի միջոցով աջակցում նրանց։», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Beeline-ն ավանդաբար աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանին ամենամյա հեքըթոնների անցկացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց