Թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում
Այսօր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում իր աշխատանքը սկսեց «Օրգանական և նավթային մթերքների ստացման նպատակով ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Կազմ-կոմիտեի նախագահ ՀԱՊՀ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը իր բացման խոսքում ողջունեց ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իրանից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ վստահություն հայտնելով, որ գիտաժողովը կանցկացվի կառուցողական գիտական մթնոլորտում և կունենա նշանակալի արդյունքներ:
Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական, գիտական և արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները լրջագույն հետաքրքրվածություն են ցուցաբրել գիտաժողովի նկատմամբ:
Գագիկ Թորոսյանը հատուկ ողջունեց ԼՂՀ-ից ժամանած պատվիրակությանը, ԼՂ ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանի գլխավորությամբ:
Ըստ Թորոսյանի՝ գիտաժողովը նպատակ է հետապնդում կենտրոնացնելու ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման, օրգանական և նավթային մթերքների ստացման տեսական և գործնական նպատակները, ինչպես նաև դրանք արդյունաբերության մեջ կիրառելու սկզբուքներն ու հնարավորությունները:
Գիտաժողովի ընթացքում, ըստ Գագիկ Թորոսյանի, քննարկման առարկա կդառնան նաև գորշ ածխի, հեղուկ վառելիքի վերամշակման նոր ուղիները և դրանց գործնական կիրառման տեխնոլոգիաները: Կարծարծվեն նաև բնապահպանական խնդիրներ:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակներում՝ հոկտեմբերի 12-ին և 13-ին, արտադրական ձեռնարկություններում կկայանան արտագնա նիստեր, քննարկումներ և գործնական միջոցառումներ: