Աբրահամ Խաշմանյան. «Ցանկացած իրեն հարգող մարզիչ կաներ այն, ինչ արեցի ես»
Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում «Փյունիկից» պարտություն կրելու և հետագա պայքարից դուրս մնալու համար ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը հանդիպումից հետո պահանջել է գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հրաժարականը:
Ի՞նչ է կատարվել իրականում և ինչո՞ւ է Հայաստանի գործող չեմպիոնը, որն այս պահին վաստակած 16 միավորով ընթանում է առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում` զիջելով միայն «Շիրակին», մնացել առանց մարզչի, Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց Աբրահամ Խաշմանյանը:
«Գավաթի խաղից հետո ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը մտավ հանդերձարան, խիստ դժգոհություն հայտնեց խաղից և հայտարարեց, որ հաջորդ հանդիպումը թիմին կնախապատրաստեմ ոչ թե ես, այլ մեկ այլ մարզիչ: Դրանով նա անվստահություն հայտնեց ինձ ու իմ մարզչական շտաբին: Իմ որոշումն ակնթարթային էր ու ես որոշեցի հրաժարական տալ:
Իմ պրոֆեսիոնալ տեսանկյունից` «Ալաշկերտը» հիանալի ֆուտբոլ խաղաց և ուներ մի շարք գոլային հնարավորություններ, սակայն սա ֆուտբոլ է և ընձեռնված պահերը պետք է օգտագործել: Ես հակված չեմ նրան, որ խնդիրը հենց այս խաղն էր: Այստեղ բոլորովին այլ բան է կատարվել, որի մասին երկար եմ մտածել: Նախկինում եղել են նման իրավիճակներ, սակայն կարողացել ենք հարթել դրանք ու առաջ նայել: Բայց այս անգամ շտկելու կարիք չեղավ, որովհետև ցանկացած իրեն հարգող մարզիչ, կարծում եմ, կաներ այն, ինչ արեցի ես»,- ասաց Խաշմանյանը:
Մասնագետի հետագա քայլերը դեռ անորոշ են: Խաշմանյանի խոսքերով` նման իրավիճակները մարզիչների կյանքի մի մասն են կազմում և, շատ հնարավոր է, հենց վաղն էլ նոր առաջարկ ստանա, կամ ՝ այդ գործընթացն ավելի երկար տևի:
Մարզիչը չի հուսահատվում և վստահ է, որ նոր առաջարկները չեն ուշանա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ