Հայաստանի մարմնամարզության հավաքականի մասնակցությունը «Ռիո-2016»-ին գնահատվել է բավարար
Այսօր օլիմպիական խաղերի մասնակցության հաշվետվությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հանդես է եկել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մարզիչը ներկայացրել է «Ռիո-2016»-ին մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի հետ նախաօլիմպիական քառամյա փուլում անցկացված նախապատրաստական աշխատանքները:
«Շատ եմ ցավում, որ Հարությունը իր մրցելույթում չկատարեց վերջին տարրը, ինչն էլ պատճառ դարձավ նրա ձախողման: Մինչև այսօր չենք կարողանում հասկանալ դրա պատճառը: Երևի այն ավելի շատ հոգեբանական էր»,- ասել է Սերոբյանը:
Նա նաև գոհունակությամբ խոսել է մեր մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանի մասին, որը, թեև մրցանակային տեղ չի գրավել օլիմպիական խաղերում, սակայն իր վարժությունում կիրառել է բացառիկ տարր, որն էլ կոչվել է նրա անունով:
«Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, քանի որ մարմնամարզության մեջ գրանցվել է նոր տարր՝ հայ մարզուհու անունով»,- նշել է գլխավոր մարզիչը:
Չնայած հայ մարմնամարզիկները ամառային օլիմպիական խաղերում մեդալների չեն արժանացել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար տարիների ընդմիջումից հետո նրանք դուրս են եկել օլիմպիական խաղերի եզրափակիչ, հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը Հայաստանի մարմնամարզության հավաքականի մասնակցությունը «Ռիո-2016»-ին գնահատել է բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան