Ազգ-բանակ հայեցակարգը չի նշանակում ազգի ռազմականացում
Մենք պետք է անենք այնպես, որպեսզի անկախ իր մասնագիտությունից, մարդն իրեն զգա ազգային բանակի մաս,-այսօր «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:
ՊՆ նախարարը անդրադարձել է ազգ-բանակ հայեցակարգին և պարզաբանել.
«Ազգ-բանակ հայեցակարգը չի նշանակում ազգի ռազմականացում, չի նշանակում առավոտյան քայլերթով աշխատանքի գնալ ու վերադառնալ: Դա բացարձակ այլ բան է նշանակում:
Իրականությունն այն է, որ մեր Զինված ուժերը կան և դեռ երկար ժամանակ, նույնիսկ անկախ ղարաբաղյան հարցի կարգավորումից, լինելու են անհամաչափ մեծ՝ մեր ազգաբնակչության նկատմամբ: Դա նշանակում է մարդկային, ֆինանսական, կառավարչական ռեսուրսների գերլարում՝ ԶՈՒ-ն պահպանելու համար:
Մենք «Ազգային անվտանգության ռազմավարությամբ» և ռազմական դոկտրինով որոշել ենք, որ սա մեր ընտրությունն է: Մենք ԶՈՒ-ն պահելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքները ակնհայտ են և մեր առջևում են: Հետևաբար, մենք ունենք ընտրություն՝ կամ գերլարել մեր բոլոր ռեսուրսներն ու ասել, որ դեռ շատ երկար ապրելու ենք դժվար, որովհետև ռեսուրսների անհամաչափ մասը տալիս ենք ԶՈՒ-ին, կամ հասկանալ, թե ինչպես այս իրականությունը վերածել հնարավորությունների դաշտի: Իսկ դա նշանակում է, օրինակ՝ զարգացնել գիտությունը՝ հաշվի առնելով մեր անվտանգության խնդիրները և դրա մեջ ավելի շատ գումար դնել, քան 3 մլն-անոց ժողովուրդը պետք է կարողանար դնել:
Մենք պետք է անենք այնպես, որպեսզի անկախ իր մասնագիտությունից, մարդն իրեն զգա ազգային բանակի մաս, իսկ ազգային բանակն իր խնդիրները լուծելիս կարողանա հաշվի առնել, որ հասարակությանը ևս տալու բան ունի՝ առաջին հերթին քաղաքացու դաստիարակության կամ կրթության հարցում»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ գործառույթն այլ է. Նախարար Սարգսյանը բանակցությունների ու փոխզիջումների մասին
- Վիգեն Սարգսյան. ՊՆ-ն ամենուժեղ և կայացած պետական կառույցն է
- Վիգեն Սարգսյան. Պատարաստ ենք արձագանքել ու հակահարված տալ
- Հանդիպել են Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը
- Վիգեն Սարգսյանը բացատրել է ազգ-բանակ գաղափարի էությունը