Եթե անհրաժեշտությունը լիներ, մենք կխոցեինք «Իսկանդեր-Մ»-ով. Արտավազդ Յաղմուրյան
Այն պահին, երբ անհրաժեշտ լինի կիրառել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր, մենք կարող ենք: Համապատասխան որոշում Հայաստանն է ընդունում, ոչ թե որևէ մեկ այլ երկիր,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը:
Նա տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ստորաբաժանումը բերվել էր մարտական պատրաստականության, և ցանկացած պահի, երբ կառավարությունը որոշում ընդուներ, կհասցվեր հրթիռային հարվածներ:
«Իհարկե, զսպող միջոց է «Իսկանդեր»-ը: Վախենալու, մտածելու, մտորելու առիթ է տալիս հակառակորդին: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ հենց ապրիլի 3-ին, երբ մեր հրթիռային զորքերը բերվեցին մարտական պատրաստականության, հակառակորդը դրանից անտեղյակ չմնաց: Գործուն միջոց էր հակառակորդին ստիպելու հենց ապրիլի 4-ից հրաժարվելու գործողություններից: Եթե անհրաժեշտությունը լիներ, մենք կխոցեինք «Իսկանդեր»-ով»,- ասաց գնդապետը՝ ընդգծելով, որ զենքը Հայաստանինն է, Հայաստանի ԶՈւ-ինն է, կիրառումը պլանավորում է Հայաստանը, իրագործում է Հայաստանը:
ՀՀ ԶՈւ սպառազինությունների շահագործման և զրահատանկային ծառայության բաժնի պետ գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ Ռուսաստանը, որից էլ հենց Հայաստանը գնել է այդ համալիրները, տեխնիկական միջոց չունի, որ արգելափակի զենքի կիրառումը:
«Պայմանավորվածության համաձայն մենք չունենք այդպիսի արգելափակումներ, կամ սահմանափակումներ զենքի կիրառման համար»,- հավելեց Արտավազդ Յաղմուրյանը:
Նա ընդգծեց, որ ԶՈՒ անձնակազմը խնդիրներ չունի «Իսկանդեր Մ» համալիրների օգտագործման համար ևս, ունի համապատասխան մասնագետներ, ովքեր, մինչև համալիրի ձեռք բերումը, անցել էին ուսուցումներ. «Կիրառման համար ոչ մի բարդություններ չունենք»:
Ա. Յաղմուրյանը նշեց, որ «Սմերչ» համազարկային կրակի համակարգի կիրառման հետ կապված «կրկին խնդիր չունեն, դեռևս 1996-97թթ. անձնակազմը պատրաստվել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին