Ապրիլյան պատերազմի օրերին վնասված զրահատեխնիկայի 80 տոկոսը նորոգվել է. գնդապետ Զորայր Գաբրիելյան
Ապրիլյան մարտական գործողություններից հետո մեկ-երկու շաբաթ անց վնասված զրահատեխնիկայի 80 տոկոսը նորոգվել է, վերադարձվել շարք,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը:
Նաերկայացրեց, թե իրենց հաջողվեց վերականգնել զրահատեխնիկան, թեև՝ հակառակորդն առաջին անգամ կիրառել էր նորագույն սերնդի գերճշգրիտ սպառազինություններ, խոցման միջոցներ, իսրայելական արտադրության «Spike» հակատանկային համալիրներ, որոնց առանձնահատկություններից մեկն այն է, որ խոցում է տանկը վերևի հատվածից, որտեղից թույլ է պաշտպանված:
«Նույնիսկ ամենալավ արտադրության տանկը վերևի հատվածից հուսալի պաշտպանություն չունի: Ճիշտ է, տարբեր երկրներում կատարվում են մշակումներ ակտիվ պաշտպանություն համակարգերի ուղղությամբ, այդ թվում նաև Իսրայելում, Ռուսաստանում: Վերջին դեպքերի հետ կապված մենք էլ ենք սկսել նման աշխատանքներ, համագործակցում ենք Հայաստանի գիտական, արտադրական հիմնարկների հետ, որպեսզի դեռ նախնական էտապում տրվի այն կոնցեպցիան, որի հիման վրա պետք է արդիականացվի տեխնիկան»,- ասաց Զորայր Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ առհասարակ, վերջին տարիներին սկսել են տանկերի արդիականացման աշխատանքները, հիմնական շեշտն ուզում են դնել տեղական ուժերի վրա, բայց, իհարկե, համագործակցելով նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ:
Խոսելով զրահատանկային ծառայության անցած ուղու մասին, նա ասաց, որ մինչև 1994 թվականը զրահատանկային տեխնիկայի 70 տոկոսը հակառակորդի կողմից առգրավված տեխնիկան էր:
«Անսարք էին, անհրաժեշտ էր կարճ ժամանակում վերականգնել և մտցնել շարք: Այդ ժամանակ ձևավորվեց զրահատանկային ծառայությունը, նորոգման ստորաբաժանումները, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին ոչ միայն թիկունքում, այլ նաև անմիջապես մարտի դաշտում»,- ասաց Զ.Գաբրիելյանը:
Գնդապետ հիշեց, որ 1992-94 թթ. մարտական գործողությունների ամենադժվար շրջանում Մոնթե Մելքոնյանն ասում էր՝ «տվեք ինձ 30 տանկ և ես կգրավեմ Աղդամ»: «Հետագայում այդպես էլ եղավ, բայց ոչ թե 30, այլ ավելի քիչ քանակի տանկով»,- հավելեց Զ.Գաբրիելյանը:
Նա ընդգծեց, որ տանկային ստորաբաժանումների մարտունակությունը, անձնակազմերի ուսուցանումը, տանկատեխնիկական ապահովման հարցերը միշտ էլ գտնվել են հրամանատարության ուշադրության կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում