Պակիստանում արգելել են հնդկական հեռուստածրագրերը
Պակիստանում արգելել են ցուցադրել հնդկական հեռուստածրագրերը: Արգելվում են նաև հայտնի հնդկական սերիալներն ու Բոլիվուդի կինոֆիլմերը: Պակիստանի իշխանությունները զգուշացրել են, որ հեռուստաընկերությունները և ռադիոկայանները, որոնք կխախտեն այդ արգելքը, կփակվեն: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Վերջին շրջանում երկու երկրի միջև հարաբերությունները լարվել են: Հատկապես դա զգացվում է երկու երկրի վիճելի շրջաններում, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հարձակումներ զինվորականների և խաղաղ բնակչության վրա:
Հոկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ անհանգստացած է Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում լարվածության աճով: Նա կոչ էր արել երկու երկրներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և անհապաղ քայլեր ձեռնարկել երկկողմանի հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: