Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 1.6%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1.6%-ով: Սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ն էլ օգոստոսի նկատմամբ աճել է 7%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ սեպտեմբերի համեմատ նվազել է 2,4%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 7,1%-ով, օգոստոսի համեմատ՝ 8,4%-ով, իսկ 2015թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 6,1%-ով:
2016թ. հունվար-սեպտեմբերին ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 8.1 տոկոսով, իսկ 2015թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 8,6%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի այն նվազել է 2,6%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 19,5%-ով:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալ նվազել է 6.5%-ով, իսկ 2015թ-ի սեպետմբերի համեմատ՝ 11.1%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա 10 ամիսներին գրանցվել է 9.3%-ի, իսկ տարեկան կտրվածքով՝ 17.3%-ի նվազում:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել են 0.1%-ով. նույնքան էլ նվազել է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա ԱՎԾ-ի փոխանցմամբ` հունվար-սեպտեմբերին գները նվազել են 1.6%-ով, 2015թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 1.9%-ով, իսկ օգոստոսի համեմատ գրանցվել է 0.1%-ի աճ:
Վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին աճել է 5.7%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 11.4%-ով: Այս տարվա 10 ամիսներին արտահանումն աճել է 19.6%-ով, 2015թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 21.9%-ով: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին այն նվազել է 0.8%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 6.5%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-սեպտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 1.1%. պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0.7%` կազմելով է 160 հազ. 688 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աշխատավարձերն աճել են 4.4%՝ հասնելով 217 հազար դրամի: