«Ռիո-2016»-ին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մասնակցությունը գնահատվել է լավ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում 2016 թ. Օլիմպիական խաղերին մասնակցած հավաքական թիմերի գլխավոր մարզիչների կողմից ներկայացվող հաշվետվությունների լսումների հերթն այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտինն էր: Հաշվետվությամբ հանդես է եկել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը ներկայացրել է հավաքականի մարզիկների համար նախապես ըստ ժամանակացույցի կազմակերպված նախապատրաստական աշխատանքները:
«Մենք պայքարում էինք 6 քաշային կարգերում վարկանիշ ձեռք բերելու համար, սակայն կարողացանք վարկանիշ ունենալ միայն 4-ում՝ 66 կգ Միհրան Հարությունյանը, 75 կգ Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ Արթուր Ալեքսանյանը: Միհրանի և Արթուրի մասին չեմ խոսի: Արսենը, ումից մեդալ էինք սպասում, թույլ տվեց տակտիկական սխալ և դուրս մնաց հետագա պայքարից: Մաքսիմից նույնպես մեծ ակնկալիքներ ունեիք, բայց, ցավոք, դրանք նույնպես չարդարացան»,- Լուլֆալակյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով օլիմպիական չեմպիոն ունենալու կապակցությամբ՝ նշել է, որ չնայած Լևոն Ջուլֆալակյանը գոհ չէ իր բոլոր սաների մրցելույթներից, սակայն հավաքականի մասնակցությունը գնահատվում է լավ: