Կիրակի նշվում է Խաչի Գյուտի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին հուկտեմբերի 23-ին նշելու է Խաչի Գյուտի տոնը: Qahana.am-ը գրում է, որ Խաչվերացի յոթերորդ կիրակին Գյուտ խաչի տոնն է: Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը:
Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը: