«Սասնա ծռերի» անդամի որդուն կալանքից ազատելու գումարը չի հավաքվում
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդու՝ Մարտին Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է գրավ կիրառել և փոխել նրա խափանման միջոցը։ Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի փոխանցմամբ դատարանը որոշել է Վարդանյանին ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Այժմ Վարդանյանները, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, տարբեր ընկերների օգնությամբ հայտարարություններ են տարածում սոցցանցերում՝ գումար հայթհայթելու նպատակով։
Փաստաբան Ոսկանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ մինչև երկուշաբթի հավանաբար գումարը կգտնվի։
Սակայն, Մարտինի եղբայրը՝ Պարույրը, այդ լավատեսությունը չուներ։
«Երեկվանից հայտարարություն ենք տարածել, խնդրել, որ օգնեն, սակայն որևէ արդյունք չկա, անգամ խոստում չեն տվել, որ կփոխանցեն», -Panorama.am-ին ասաց Պարույր Վարդանյանը։
Մարտին Վարդանյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» գործով խմբի անդամներին օժանդակություն ցուցաբերելու համար։ Մասնավորապես, մեղադրվում է «Սասնա ծռերի» նրանց հեռախոսները լիցքավորելու և նրանց համար աջակիցներ փնտրելու համար։
Ավելի վաղ Ստեփան Ոսկանյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին կալանավորել են, որպեսզի այդպիսով ճնշում գործադրեն «Սասնա ծռեր» խմբի անդամ նրա հոր՝ Հովհաննես Վարդյանյանի նկատմամբ։ Մարտինին ձերբակալել են հունիսի 22-ին, 25-ին մեղադրանք առաջադրել ու կալանավորել։
Նշենք, որ Հովհաննես Վարդանյանը «Հիմնադիր խորհրդարանի» համախոհներից է եղել, մասնագիտություն չունի, ամուսնացած է, ունի երեք որդի: