Արսեն Վենգեր. «Եթե Աստված հարցնի, թե ինչով եմ զբաղվել կյանքում, կպատասխանեմ…»
Այսօր Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տոնում է իր 67-րդ տարեդարձը: Լոնդոնյան թիմում Վենգերն աշխատում է 1996 թ. և զուր չէ, որ նրան անվանում են «Արսենալի» հավերժ մարզիչ»: «The Guardian»-ին տված հարցազրույցում մասնագետը խոսել է ֆուտբոլի, կյանքի և հավերժության մասին:
«Ես ապրում եմ մի աշխարհում, որտեղ իմ աշխատանքը ինչ-որ մեկն ամբողջ ժամանակ գնահատում է: Տարիքը չպետք է խանգարի գնահատման գործընթացին, բայց եթե իմ աշխատանքում ինչ-որ բան այնպես չստացվի, ապա այն կդառնա խնդիր: Հավատում եմ, որ մարդն իր տարիքը չի նկատում, եթե առողջ է, իսկ ներսում կա սեր ու ինքնակատարելագործման ձգտում:
Եթե օրերից մի օր տեսնեմ Աստծուն և նա ինձ հարցնի, թե ինչով եմ զբաղվել կյանքում, կպատասխանեմ` փորձել եմ ֆուտբոլային հանդիպումներում հաղթել: Իսկ եթե նա հարցնի, որ միայն այդքա՞նը, ես կասեմ, որ դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:
Ես չեմ սիրում թոշակառու բառը: Մենք ապրում ենք, որպեսզի լինենք ակտիվ և կարողանանք պայքարել: Կյանքը պայքար է` մինչև վերջին վայրկյանը: Իսկ թե որքան հզոր է այն, կախված է քեզանից»,- ասել է Վենգերը: