Երկրպագուն փրկել է Օլիմպիական չեմպիոնի կյանքը
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ավստրալացի լողորդ Մակ Հորթոնը շնորհակալություն է հայտնել անհայտ երկրպագուին, ում շնորհիվ իմացել է իր հիվանդության մասին և ժամանակին կանխարգելել է այն: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Օլիմպիական խաղերի լողի մրցաշարի ժամանակ երկրպագուն 20-ամյա լողորդի կրծքավանդակի շրջանում տարօրինակ խալ է նկատել, որը նման է եղել մելանոմայի: Նա այդ մասին տեղեկացրել է Ավստրալիայի պատվիրակության բժշկական շտաբին: Մելանոման չարորակ ուռուցք է, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է սպառնալ մարդու կյանքին:
Եվ ահա Օլիմպիական խաղերի չեմպիոնը հոկտեմբերի 20-ին վիրահատության է ենթարկվել: Հեռացվել է մաշկի վրա հայտնված գոյացությունը:
«Շնորհակալ եմ այն մարդուն, ով նամակ էր գրել հավաքականի բժշկին: Տագնապը ճիշտ ժամանակին էր: Նա փրկել է իմ կյանքը»,- ասել է Հորթոնը: