Ժոզե Մոուրինյո. «Իմ խոսքերը հասցեագրված էին Կոնտեին, այլ ոչ թե լրագրողներին»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» հետ արտագնա խաղում 0։4 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ հանդիպման առաջին րոպեին բաց թողած առաջին գոլից հետո «կարմիր սատանաների» խաղային պլանը անդունդն է գլորվել։ Պորտուգալացի մասնագետի խոսքերով՝ թիմը գործնականում հավասար պայքարում առավելությունը զիջել է մրցակցին։
«Մինչև հանդիպման մեկնարկը մենք խաղային հստակ պլան ունեինք,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Բայց երբ դու գոլ ես բաց թողնում առաջին րոպեին, ամեն ինչ անդունդն է գլորվում։ Մեկնարկում սառը ցնցուղից հետո առաջ գնացինք, թիմը հնարավորություններ ուներ, սակայն երկրորդ և երրորդ գնդակները մեր դարպասում հայտնվեցին հակագրոհների արդյունքում։ Եթե բաց թողած երկրորդ գոլից հետո իրացնեինք մեր պահը, 1։2 հաշվի դեպքում ամեն ինչ միանգամայն այլ կերպ կարող էր դասավորվել։
Այսօր այն դեպքն է, երբ «ՄՅու»-ն գործնականում հավասար պայքարում առավելությունը տվեց մրցակցին։ Ինչպես անհատական, այնպես էլ թիմային շատ սխալներ գործեցինք պաշտպանությունում, որի համար էլ արդարացիորեն հատուցեցինք։ «Մանչեսթեր Յունայթեդը» երեք միավոր կորցրեց, և այժմ առաջատարների խմբից մեզ 6 միավոր է բաժանում։ Թիմը պարզապես պարտավոր է հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղում։
Ինչ եմ ասել Կոնտեի՞ն։ Իմ խոսքերը հասցեագրված էին Կոնտեին, այլ ոչ թե լրագրողներին»։