Տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում են 14 շախմատիստ՝ աշխարհի պատանեկան չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Դավիթ Քալաշյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգյանը, ինչպես նաև Նորայր Թորոսյանը, Ռաֆայել Բակունցը, Կարեն Հովհաննիսյանն ու Արմենակ Եղիազարյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Բացման արարողությանը ներկա էր Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ով ողջունեց մրցաշարի մասնակիցներին և շնորհավորեց աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում հիանալի ելույթ ունեցած պատանի շախմատիստներին, ովքեր մասնակցում են նաև այս մրցաշարին, այնուհետև խոսքը փոխանցեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանին, ով մրցաշարի մասնակիցներին ներկայացրեց մրցաշարի անցկացման կանոնները և տեղեկացրեց, որ մրցաշարում 1-3-րդ տեղեր զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանալու մասնակցել Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Կանոնների ներկայացումից հետո տեղի ունեցավ վիճակահանությունը:
Մրցաշարի առաջին տուրը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ