ՀՀ կառավարությունը և «Ռոսգեոլոգիա» ընկերությունը կհամագործակցեն
Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին hուշագիր:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղելացնում են, որ ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների իրականացման, հանքարդյունահանման պլանավորման, հանքավայրերի գնահատման և մի շարք այլ ուղղություններով:
Նախատեսվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման համար կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություն:
Վարչապետը ընդգծել է, որ կառավարության ծրագրում կարևորվում է ընդերքի համապարփակ և համալիր հետազոտության, ընդերքօգտագործման թափանցիկության ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ գործակցությունը կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման համար, և գործադիրը հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Ռոման Պանովը վարչապետին է ներկայացրել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ իրենց պատկերացումները: Նա նշել է, որ «Ռոսգեոլոգիա»-ն պատրաստ է ինտենսիվ գործունեություն ծավալել մեր երկրում՝ ընդգծելով, որ Հայաստանը հարուստ է հանքանյութային ապարներով, և այդ բազան զարգացման ու ամրապնդման նշանակալի հեռանկարներ ունի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: