Վերաքվեարկության արդյունքներով Ջիլում հաղթել է ՀՀԿ-ականը, իսկ Վարսերում՝ անկուսակցականը
Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում՝ Ջիլ և Վարսեր գյուղերում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել գյուղապետի ընտրությունների վերաքվեարկություն: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել և նշանակել վերաքվեարկությունը:
Ջիլ համայնքում առաջադրված երեք թեկնածուներից՝ ինքնառաջադրված ՀՀԿ-ական Նիկոլայ Հովհաննիսյան, ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ-ական Միքայել Ղարիբյան և դարձյալ ինքնառաջադրված ՀՀԿ-ական Հայկանուշ Մելիքյան, հաղթել է գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Միքայել Ղարիբյանը:
ԿԸՀ-ից Panorama.am-ը տեղեկանում է, որ նա ստացել է 182 քվե, Նիկոլայ Հովհաննիսյանը՝ 157 քվե, Հայկանուշ Մելիքյանը՝ 5 քվե:
Վարսեր համայնքում պատկերը այլ է. թեկնածուներն այստեղ եղել են երկուսը՝ անկուսակցական Հուսիկ Սեդրակյանը և համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Զավեն Հարությունյանը: Ընտրությունների արդյունքներով, հաղթել է Հուսիկ Սեդրակյանը՝ ստանալով 484 քվե, գործող համայնքապետը ստացել է 376 քվե:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ԿԸՀ հրապարակած արդյունքների համաձայն, Վարսերում մեկ ձայնի առավելությամբ ընտրվել էր ՀՀԿ առաջադրած թեկնածուն` գործող գյուղապետ Զավեն Հարությունյանը: Ջիլում էլ հաղթողը ՀՀԿ-ական Միքայել Ղարիբյանն էր` գործող գյուղապետը: Նա հաղթել էր երեք ձայնի տարբերությամբ:
ԿԸՀ-ից հայտարարել էին, որ ընտրությունների արդյուքններն անվավեր ճանաչվելու համար հիմք էին հանդիսացել ներկայացված վերահաշվարկի դիմումները և դրանց հիման վրա անցկացված վերահաշվարկի աշխատանքները: