Բացահայտվել է 51-ամյա տղամարդու սպանությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության վայր չունեցող 51-ամյա տղամարդու սպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:25-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Բագրատունյանց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի:
Քննչական-օպերատիվ խումբը պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը՝ մշտական բնակության վայր չունեցող, 1965 թ. ծնված Վ.Ասլանյան։ Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դիահերձման արդյունքների հիման վրա ստացված բժշկական տեղեկանքի համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել փակ, բութ գանգուղեղային վնասվածքը, հայտնաբերվել են նաև արյունազեղումներ, քթոսկրի կոտրվածք։
Կոմիտեից հայտնում են, թե ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա Վ.Ասլանյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Երևանի 45-ամյա բնակչի: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է: