Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ ներկրման ոլորտում կունենանք շատ ավելի ազատական համակարգ
Հայաստանում օրենսդրական դաշտը որևէ խոչընդոտ չի ստեղծել ապրանք ներկրելու համար, ուրիշ հարց է, որ մաքսային վարչարարության տեսակետից ձևավորվում են ոչ հավասար պայմաններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ ամեն մարդ առանց որևէ պրոբլեմի կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան:
Տ. Ջրբաշյանի խոսքերով՝ որևէ օրինագծում չկա դրույթ այն մասին, որ այս կամ այն ներկրվող ապրանքը կամ դրա ներկրումը մենաշնորհ է:
Խնդիրը, ըստ նրա, նրանում է, որ մաքսային վարչարարության տեսակետից ձևավորվել են ոչ հավասար պայմաններ, ինչի արդյունքում այս կամ այն խաղացողն ավելի լավ մրցակցային դիրք է գրավում. «Երբեք չեք տեսնի իրավիճակ, որ ինչ-որ մեկին արգելել են ապրանք ներմուծել, մենք արգելք երբեք չենք ունեցել»:
Տիգրան Ջրբաշյանի կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը ենթադրում է, որ ազգային մաքսային մարմինների կողմից մաքսային վարչարարության դերակատարումը նվազել է:
«ԵՏՄ-ին անդամակցությունը ենթադրում է ազգային մաքսային մարմինների դերի նվազում: Այսօր մաքսային վարչարարություն իրականացնող մարմինները մրցակցում են, և եթե Հայաստանի մաքսային մարմինները բարենպաստ պայմաններ չեն տալիս ներկրողներին, ապա նրանք ներկրում են Եվրասիական տնտեսական գոտու այլ սահմանների՝ Բելառուսի կամ Ռուսաստանի միջոցով: Կարծում եմ, որ ներկրման ոլորտում կունենանք շատ ավելի ազատական համակարգ»,-նշեց նա:
Այսպիսով, Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ վարչապետի հայտարարությունը կարող է իրականացվել, քանի որ հիմքում ընկած է մաքսային վարչարարության ֆենոմենը, այլ ոչ թե մաքսային քաղաքականության կամ մաքսային օրենսգրքի: