Բայլին վնասվածք է ստացել «Չելսիի» հետ խաղում
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Էրիկ Բայլին ծնկի ծանր վնասվածք է ստացել «Չելսիի» հետ անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում, որն ավարտվել է լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 4։0։
Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսի սկզբում Բայլին մենամարտերից մեկում վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել հանդիպումը։ Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Մարկոս Ռոխոն։
Արդյունքում պարզվել է, որ Բային ծնկի ծանր վնասվածք է ստացել, որի մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
«Բայլին ծանր վնասվածք է ստացել։ Վախենում եմ, որ շարքից դուրս է եկել երկար ժամանակով։ Խոսքը ծնկային կապանի վնասվածքի մասին է։ Ինքը՝ խաղացողը, կարծում է, որ ամեն ինչ շատ լուրջ է»,- նշել է Մոուրինյոն։
«ՄՅու»-ի 22-ամյա պաշտպանի վերականգնման ճշգրիտ ժամկետները դեռ հայտնի չեն։ Ակումբում վախենում են, որ նա կարող է շարքից դուրս գալ կես տարով։
Բայլիի բացակայության դեպքում կենտրոնական պաշտպանի դիրքը կարող է զբաղեցնել Դեյլի Բլինդը։ Նաև հնարավորություն կա, որ Մոուրինյոն այդ տեղը կվստահի Ֆիլ Ջոնսին, ով արդեն ապաքինվել է վնասվածքից։
Հիշեցնենք, որ Բայլին ամռանն է «Վիլյառեալից» «ՄՅու» տեղափոխվել։ Նրա համար անգլիական ակումբը վճարել է 38 մլն եվրո։