Պարտականությունները չկատարելու համար քաղաքացուն միակ կացարանից չեն զրկի. Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Նշենք, որ փոփոխության հիմնական նպատակն է քաղաքացուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն:
Այս կանոնից բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ միակ բնակարանը անձը՝ ի ապահովումն իր պարտավորությունների, գրավադրել է: Այսինքն՝ անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Կամ էլ ունի պարտավորություն՝ ալիմենտ վճարելու, կամ հատուցելու կյանքին, առողջությանը, ինչպես նաև հանցավորությամբ պատճառված վնասը: Սրանք այդ եզակի դեպքերն են, որոնց դեպքում անձը կկատարի իր պարտավորությունները բնակվելու իրավունքի հաշվին: