ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, թե մասնակցելու են 2017 թվականի ընտրություններին՝ գնալով դեպի իշխանափոխություն, հարցադրեց. «Իրենք իրենց մեջ են ուզում իշխանափոխություն անե՞ն, ուզում են Լևոն Զուրաբյանին փոխեն, ուրիշի՞ դնեն ֆրակցիայի նախագահ»:
Այնուհետև շարունակեց, թե եթե ժողովուրդը որոշի, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, կհեռանա:
«Անկախ ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու «Հայկական վերածնունդի» կամ նոր բացված կուսակցությունների ցանկությունից, ինչպես նաև տարբեր ներկա և նախկին պաշտոնյաների ամբիցիաներից, ժողովուրդն իր ընտրությամբ կորոշի՝ ով կմնա իշխանություն, ով կգնա ընդդիմություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա թվարկեց բոլոր ընտրությունները՝ նշելով, որ բոլոր դեպքերում էլ ժողովուրդն իր «կամքն է թելադրել»:
«Ես չեմ ասում, որ թերություններ չեն եղել, իհարկե եղել են, բայց այդ թերություններն էականորեն ազդե՞լ են ընտրությունների արդյունքի վրա, դրա մասին պետք է խոսենք: Իսկ այս հայտարարություններն անող ուժերին կխնդրեի, որ իրենք իրենց մեջ տեսնեին խնդիրը: Մենք տեսանք, որ ընդդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց ձայն չտվեց նաև ձեր նշած ուժերին: Միգուցե իրենք հոգեվարքի մեջ են»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Ըստ նրա՝ այսօր ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է, քանի որ մի քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին և երկու տեղում էլ անհաջողությունների մատնվում, բնականաբար, խնդիրներ ունի:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ այսօր ոչ Համախմբում կուսակցությունը, ոչ էլ ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտի ազդեցիկ ուժերը չեն, դա փաստեցին ՏԻՄ ընտրությունները:
Հարցին, թե արդյոք ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ընդդիմադիր ուժերն այսօր քաղաքական դաշտում պայքար են սկսել իրար դեմ, ուստի անիմաստ է խոսել նրանց համախմբման հեռանկարների մասին։
Ըստ նրա՝ ՀԱԿ-ը պետք է նախ իր խմբակցության ներսում եղած պատգամավորներին միավորի։ «ՀԱԿ-ում, փաստացի, երեք պատգամավոր՝ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանն այլևս ՀԱԿ-ում չեն»,- ասաց նա։
Շարմազանովի խոսքերով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ սկսվել է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ՝ ընդդիմություն-ընդդիմություն պայքար։
«Այսօր ընդդիմությունը մրցապայքար է սկսել, թե ով ում ավելի լավ կհայհոյի, մեկը մյուսի վրա կոմպրոմատների պայքար է սկսել։ Օրինակ, Վանաձորի ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներն այդքան հանրապետականին չկպան, որքան՝ Էդմոն Մարուքյանին»,- նշեց ԱԺ փոխնախագահը: